Թեհրանում երեկ կայացած «3+3» ձևաչափով հանդիպումից հետո մասնակից
կողմերը՝ Հայաստանի, Ադրբեջանի Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները
9 կետանոց համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական
հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծել են
այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության,
տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության,
ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների
հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների
հիման վրա:
2. Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի
շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների,
ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական
երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ
համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։
3. Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը
փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության
վրա։
4. Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների
և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի
կարևորությունը:
5. Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք
է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
6. Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների
կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները:
7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել
են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար:
8. Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ:
Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:
9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի
Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն
են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լավ ընդունելության
և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության
և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային
հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու
է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով: