Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է: Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Լավ կլիներ, որ մենք, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ: Չնայած բոլոր թերություններին և նրբերանգներին, հավատացեք, որ դա մեր մեղքը չէ: Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ։ Բայց, տեսնո՞ւմ եք, ցանկացան գնալ դեպի Արևմուտք, ԵՄ: Ի՞նչ Արևմուտք», – նշել է երկրի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Բելառուսը դեմ չէ Արևուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը, «բայց տեսեք նրանց քաղաքականությունը»:
«Ի՞նչ եք կարծում, ՀՀ-ին ինչ-որ տեղ սպասու՞մ են։ Մեզ ոչ ոք չի սպասում, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային։ Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- նշել է նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսի բացառիկ լավ վերաբերմունքը հայկական սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ։ «Դուք ինձ համար այլևս հայ չեք, դուք ինձ համար բելառուսներ եք, մեր ժողովուրդն եք», – ընդգծել է նա։