12 Հլս
2024
34° c ԵՐԵՎԱՆ
27.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը․ ԵՄ հայտարարություն

Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը․ ԵՄ հայտարարություն

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ
վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածության վերաբերյալ։

ԵՄ-ի կայքում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական
միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին
և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:

«Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն
աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է
ունենում տեղի բնակչության համար։ Մենք ցավում ենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ ենք անում այն լիարժեք
և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը»,- նշվում է ԵՄ-ի հայտարարության
մեջ։

ԵՄ-ն կրկնում է կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին
հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը և վերահաստատում, որ Լաչինի միջանցքը
պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն։

Վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային
սահմանի երկայնքով աճող լարվածության պայմաններում ԵՄ-ն արձանագրում է որ հրաձգության
հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից
և կրկին վերադառնալ երկխոսության։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի
միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն
ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի
ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը
վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման,
ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից։
ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության
ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է
կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման
համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության
մեջ։