«32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն՝ մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն»․ Արցախի ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ
Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ
է հղել․
«Սիրելի´ հայրենակիցներ
Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին
ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր:
32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն՝ մեր երկիրը կայացել է որպես հայկական
պետություն՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և տնտեսական,
սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, քաղաքացիական,
քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին
և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի
բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն
թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա,
կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր
հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ
բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը:
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն,
համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»: