
Արի՛ բանավեճի, հարցերիդ պատասխանը կստանաս․ Վարդանյանը Փաշինյանին ուղիղ եթերով բանավեճի է հրավիրում
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի են մասնակցել Արտաշատի համայնքապետի թեկնածուներ Գերասիմ Վարդանյանն ու Կառլեն Մկրտչյանը։ Վարդանյանը, նշենք, Դաշնակցության թեկնածուն է, Մկրտչյանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի»։
Բանավեճի ընթացքում Վարդանյանն ահազանգել է, որ Արտաշատում ընդդիմության թեկնածուին սատարող մարդիկ քաղաքական ճնշումների են ենթարկվում, ոմանք՝ հեռացվում աշխատանքից։
Ի պատասխան Վարդանյանի՝ Մկրտչյանը հակադարձել է՝ հրապարակ բերելով քաղաքական հակառակորդի կնոջ՝ պետական գերատեսչություններից մեկում աշխատելու հանգամանքը։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի կինը քաղծառայող է։
Յուրայինին պաշտանելու համար գործին խառնվել է անձամբ Նիկոլ Փաշինյանն ու այսօր Facebook-ում գրառում արել՝ նշելով․ «Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ։
Եվ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու համար»։
Փաշինյանի սոցցանցային «փաստարկին» անդրադարձել է Վարդանյանն ու դիմել Նիկոլ Փաշինյանին․ «Երեկվանից քանի՞երորդ լայվդ ես անում, քանի՞երորդ ստատուսդ գրում իմ հասցեին, ընտանիքիս անդամի հասցեին, իմ ուժի հասցեին։
Ուրեմն, ես քեզ եմ հրավիրում բանավեճի։ Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես։
Դու մարդկանց բանավեճի հրավիրելով՝ հայտարարում ես․ «Տղա եք, եկեք»։ Հիմա ես եմ քեզ հրավիրում, արի՛ բանավեճի, բոլոր հարցերի պատասխաններն ուղիղ եթերով կստանաս»։
Ս․Վ․


