ABCMEDIA
Կրակոցներ՝  Նիկոլ Փաշինյանի այցից հետո

Կրակոցներ՝ Նիկոլ Փաշինյանի այցից հետո

Բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հայտնված Կապանի օդանավակայանն իր վրա ընդունեց առաջին կրակոցները։ Ավտոմեքենայով Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ 

«Սա կրակոց էր ոչ թե օդանավակայանի ուղղությամբ, այլ պետության»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հատկանշանական է, որ կրակոցը տեղի է ունեցել այդ օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի վայրէջքից մի քանի ժամ հետո։ Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, սա նաև հստակ ազդակ պետք է լինի Իրանի ու Ռուսաստանի իշխանությունների համար։ 

«Կապանը շատ սիմվոլիկ նշանակություն ունի ադրբեջանցիների համար, քանի որ Սյունիքը շարունակում է մնալ նրանց երազանքում; Հաշվի առնելով այն փաստը, որ այնտեղ Իրանը բացել է հյուպատոսարան ու շուտով նախատեսվում է նաև ռուսական հյուպատոսարանի բացումը, այս երկու պետությունները նույնպես պետք է հետևություններ անեն»,- ասում է իրանագետը։

Իսկ այդ ընթացքում ԱԱԾ֊ն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար, ավելին Հայաստանի Ազգայի՛ն անվտանգության ծառայությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել քննությանն ու տեսանյութեր տրամադրել։