
Խոզի լյարդի փոխպատվաստում ստացած տղամարդն ապրել է 171 օր
Չինաստանում բժիշկները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի լյարդ են փոխպատվաստել 71-ամյա տղամարդու, որը վիրահատությունից հետո ապրել է 171 օր․ գրում է Euronews-ը։
Նշվում է, որ սա լյարդի քսենոտրանսպլանտացիայի (կենդանի բջիջների, հյուսվածքների կամ օրգանների փոխպատվաստումը մի տեսակի օրգանիզմից մեկ այլ տեսակի օրգանիզմի) առաջին գրանցված դեպքն է։
Նշվում է, որ բուժառուն փոխպատվաստումից հետո ապրել է 171 օր, ինչը ցույց է տալիս, որ խոզի լյարդը կարող է կարևոր գործառույթներ կատարել մարդու օրգանիզմի համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում լյարդի փոխպատվաստման սպասելիս։ Միայն Չինաստանում հարյուր հազարավոր մարդիկ տառապում են լյարդի անբավարարությունից, սակայն միայն մոտ 6000-ն է ստանում փոխպատվաստում։
Նշվում է, որ բուժառուն, որն ուներ հեպատիտ B-ի և լյարդի քաղցկեղի հետևանքով առաջացած լյարդի հիվանդություն, չէր կարող ենթարկվել սովորական վիրահատության կամ ստանալ մարդու լյարդի փոխպատվաստում։
Նախքան փոխպատվաստումը, խոզի լյարդը ենթարկվել էր տասը գենային փոփոխության, որոնք նախատեսված էին մարդու իմունային համակարգի կողմից մերժումը նվազեցնելու և արյան մակարդումն ավելի անվտանգ դարձնելու համար։
Վիրահատությունից հետո առաջին ամսվա ընթացքում փոխպատվաստումը զարմանալիորեն լավ արդյունքներ էր գրանցում։ Լյարդն արտադրում էր լեղի և արյան մակարդման համար կարևոր սպիտակուցներ։
Սակայն սկսել են բարդություններ առաջանալ փոխպատվաստման 38-րդ օրը, երբ բուժառուի մոտ զարգացել է քսենոտրանսպլանտացիայի հետ կապված թրոմբոտիկ միկրոանգիոպաթիա (xTMA) կոչվող լուրջ հիվանդություն, որը կապված է իմունային ռեակցիաների և արյան անոթների վնասման հետ։
Բժիշկները սկզբում կարողացել են կառավարել վիճակը, սակայն տղամարդու մոտ սկսվել է ներքին արյունահոսություն, և նա մահացել 171-րդ օրը: