ABCMEDIA
Արմեն Աշոտյանի քրգործը խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ է․ պաշտպան

Արմեն Աշոտյանի քրգործը խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ է․ պաշտպան

ՀՀԿ փոխնախագահ, արդեն 1 ամիս է կալանավորված Արմեն Աշոտյանի պաշտպան
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝  այն հոդվածները մեկնաբանելը, որով մեղադրվում է Աշոտյանը,
իր մասնագիտական պատվից ցածր է։

«Այս քրգործը խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող
մարդու մտքի ծնունդ է, սա դասական քաղաքական հետապնդում է, ընդ որում ՝ Աշոտյանի դեպքում 
ոչ թե նախկին մեղքերի համար են բռնել, այլ նոր տեսակի քաղաքական բանտարկյալ է «նիկոլական
Հայաստանում» ընդամենը շիտակ խոսքի համար»,- նշեց պաշտպանը։

Նա նշեց, որ իրենք անպայման շարունակելու են պայքարը։ «Այստեղ իրավաբանություն
չկա։ Այստեղ հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչ է անում փաստաբանը։ Պետք է անել ամենը,
օգտագործել բոլոր գործիքները, որոնք ունենք, որոնք տրվում են օրենքով։ Այն բոլոր բողոքները,
միջնորդությունները, որոնք մենք ներկայացնում ենք, դրանք ինքնանպատակ չեն, դրանք՝ բոլորը
ճիշտ են, և կգա ժամանակ, որ որպես ական կպայթեն այս իշխանությունների տակ։ Ուստի, դիմելու
ենք իրավաբանական բոլոր մեթոդներին, որոնք հասանելի են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով։ Կալանավորումից
հետո առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում,
իսկ գործը մակագրվել էր դատավոր Արթուր Նահապետյանին, որը քավոր-սանիկական հարաբերություններ
ունի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Պաշտպանը բացարկ էր հայտնել
դատավորին, որը չէր բավարարվել, և վերաքննիչը որոշել է կալանքի տակ թողնել ընդդիմադիր
գործչին։

Արմեն Աշոտյանը արդեն 1 ամիս կալանավորված է։ Նա Բժշկական համալսարանում
չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման
և վատնում կազմակերպելու հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։