
BBC-ի գլխավոր տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի հետ կապված սկանդալի ֆոնին
Բրիտանական հեռարձակման կորպորացիայի՝ BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը լքում են իրենց պաշտոնները BBC-ի Panorama ծրագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճի ֆոնին։
«BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ շարունակվող վեճը, հասկանալիորեն, ազդել է իմ որոշման վրա։ BBC-ն ընդհանուր առմամբ լավ կազմակերպություն է, բայց որոշ սխալներ թույլ են տրվել, և, որպես գլխավոր տնօրեն, ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը»,- նշել է Դեյվին հրաժարականի դիմումում՝ առաջիկա ամիսներին նոր ղեկավարի սահուն անցումն ապահովելու համար։
«Նախագահ Թրամփի մասին Panorama ծրագրի շուրջ շարունակվող վեճը հասել է այն փուլին, երբ այն վնասում է BBC-ին՝ մի հաստատության, որը ես խորապես սիրում եմ։ Չնայած եղել են որոշ սխալներ, ես ուզում եմ հստակեցնել, որ BBC News-ի՝ որպես կազմակերպության նկատմամբ կողմնակալության վերաբերյալ վերջին մեղադրանքները կեղծ են։ Պատասխանատվությունն իմն է »,- նշել է Թըրնեսը։
Թիմ Դեյվին BBC-ի գլխավոր տնօրեն է դարձել 2020 թվականի սեպտեմբերին։ Մինչ այդ՝ նա յոթ տարի ղեկավարել է կորպորացիայի առևտրային ստորաբաժանումը՝ BBC Studios-ը։ Ընդհանուր առմամբ՝ նա BBC-ում աշխատել է 20 տարի։
Դեբորա Թըրնեսը ղեկավարում է BBC News-ը 2022 թվականից։ Իր պաշտոնում նա պատասխանատու է եղել ավելի քան 5000 մարդուց բաղկացած թիմի համար, որը 40-ից ավելի լեզուներով բովանդակություն և ծրագրեր էր պատրաստում ամբողջ աշխարհում 500 միլիոն լսարանի համար։
«Սա տխուր օր է BBC-ի համար։ Թիմը վերջին հինգ տարվա ընթացքում եղել է ակնառու գլխավոր տնօրեն։ Նա BBC-ն առաջ է մղել վճռականությամբ, կենտրոնացմամբ և տեսլականով»,- նշել է BBC-ի նախագահ Սամիր Շահը։
Թրամփը մեկնաբանել է BBC-ի գլխավոր տնօրենի հրաժարականն իր TruthSocial ցանցում՝ գրելով. «Բոլորը հրաժարական են տալիս կամ աշխատանքից ազատվում, քանի որ նրանց բռնել են հունվարի 6-ին իմ շատ լավ (ԿԱՏԱՐՅԱԼ) ելույթը «աղավաղելիս»։ Սրանք չափազանց անազնիվ մարդիկ են, որոնք փորձել են միջամտել նախագահական ընտրություններին։ Բացի այդ՝ նրանք այն երկրից են, որին շատերը համարում են մեր թիվ մեկ դաշնակիցը։ Ինչպիսի աղետ ժողովրդավարության համար»,- գրել է Թրամփը։
Դեյվիի և Թըրնեսի հրաժարականները հաջորդել են The Telegraph-ի հրապարակումից հետո, որի պնդմամբ՝ BBC Panorama-ի՝ «Թրամփ. Երկրորդ հնարավորությո՞ւն» վավերագրական ֆիլմը, որը հեռարձակվել էր անցյալ տարի, մոլորեցրել է հեռուստադիտողներին՝ խմբագրելով ԱՄՆ նախագահի ելույթն այն օրը, երբ նրա կողմնակիցներն անկարգություններ էին կազմակերպել Կապիտոլիումի բլրի վրա։
The Telegraph-ը հայտնել է, որ տեսել է ներքին ծառայողական գրություն, որտեղ խմբագրվել է Թրամփի ելույթի երկու տարբեր մասեր՝ ստեղծելով տպավորություն, որ նա խրախուսում է 2021 թվականի հունվարի անկարգությունները։


