ABCMEDIA
Վերադարձին ադրբեջացիները շրջափակված գյուղերի բնակիչներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարարը հանդես է եկել հայտարարությամբ

Վերադարձին ադրբեջացիները շրջափակված գյուղերի բնակիչներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարարը հանդես է եկել հայտարարությամբ

«2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից: Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխա, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանն արգելել էր: Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»։ Նշենք, որ ադրբեջանական հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է տարածվել, ըստ որի` Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) դրված անցակետով Արցախի քաղաքացիների իբր ազատ տեղաշարժվում են։

Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում էր տարածել, նշելով, որ ադրբեջանական անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից, տեսանկարահանել են և տարածել։