
Ավարտվեց հոբելյանական 5-րդ Career City Fest-ը
Ապրիլի 18-ին և 19-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում 5-րդ անգամ անցկացվեց գործատուներին և թեկնածուներին միավորող գլխավոր իրադարձությունը` Career City Fest-ը։ Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնն այս տարի կենտրոնացել էր սերունդների երկխոսության վրա՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրի ներքո։ Իսկ այս տարվա հոբելյանական փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվեց ՀՀ ՆԳՆ նվագախմբի քայլերթով, որին հաջորդեց World’s Top Speakers in Armenia մաստերկլասը՝ Google-ի նախկին խոսնակ, Emmy®-ին առաջադրված լրագրողն ու բրենդինգի միջազգային փորձագետ Դանիել Սիբերգը ելույթ ունեցավ «Հաջորդ սերնդի ընկերություն. ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին» թեմայով՝ պատմելով, թե ինչպես ստեղծել մշակույթ, որը կմիավորի բոլոր սերունդներին մեկ տանիքի տակ։
Երկու օր շարունակ փառատոնի երեք զուգահեռ դահլիճները վերածվել էին մասնագիտական եռուզեռի կենտրոնի. 12․000-ից ավելի այցելու, 80+ առաջատար ընկերություն և 100-ից ավելի բանախոս հանդիպեցին մեկ հարթակում: Մասնագիտական ելույթների, պանելային քննարկումների և բանավեճերի միջոցով ընկերությունները լավագույնս ներկայացրին իրենց բրենդը, արժեքներն ու կորպորատիվ մշակույթը՝ ստեղծելով անմիջական կապ ապագա թեկնածուների հետ: Փառատոնի պրոդյուսեր Սերգեյ Ուսնունցը, ամփոփելով երկօրյա իրադարձությունը, կիսվեց մի պատմությամբ, որը լավագույնս բնութագրում է Career City Fest-ի առաքելությունը. «Ելույթիցս հետո ինձ մոտեցան երկու ուսանող, որ փնտրում էին իրենց ուղին։ Մենք շրջեցինք տաղավարներով, տեղում խոսեցինք գործատուների հետ, հասկացանք նրանց կարիքները, և ուղղորդեցի տղաներին հենց այն ընկերությունների մոտ, որտեղ նրանց տաղանդը կարող էր օգտակար լինել։ Բայց ամենակարևորն այն է, որ սա կարող է անել յուրաքանչյուր այցելու։ Սովորական հարցազրույցների ժամանակ կան հարցեր, որոնք թեկնածուները վախենում են տալ, կամ թեմաներ, որոնց մասին չեն խոսում։ Career City Fest-ն այն երկխոսության հարթակն է, որտեղ կարելի է պարզապես գալ, հարցնել, քննարկել ու գտնել այն միակ ճիշտ աշխատավայրը, որը քեզ կտանի դեպի հաջողություն»,- նշեց Սերգեյ Ուսնունցը։
Փառատոնը եզրափակվեց տպավորիչ և դիտարժան՝ EVP Show-ով, որտեղ փառատոնի ամենահամարձակ ընկերությունները բեմում ներկայացրեցին իրենց գործատուի բրենդը։ Փառատոնի կազմակերպիչը Skill Event Marketing ընկերությունն է, որը 2016 թվականից իրականացրել է ավելի քան 600 միջոցառում և ընդգրկվել միջոցառումների ոլորտի աշխարհի լավագույն 100 գործակալությունների ցանկում (Eventex Index): Career City Fest-ը կվերադառնա 2027 թվականի ապրիլին՝ էլ ավելի մեծ մասշտաբներով, նոր ու անսպասելի ձևաչափերով։


