
Զինղեկն ազատվել է դպրոցից՝ «Առաջարկ Հայաստանին» ուժի նախընտրական շտաբ մտնելու համար․ Առավոտ
Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության եւ ռազմագիտության ուսուցիչ Արտակ Մնացականյանը (լուսանկարում) ազատվել է աշխատանքից, երբ նրան նկատել են «Առաջարկ Հայաստանին» ուժի նախընտրական շտաբ մտնելիս․ գրում է Aravot.am-ը։
Թե ինչու է ազատվել աշխատանքից, Aravot.am-ի այս հարցին պատասխանելով՝ դպրոցի տնօրեն Մակիչ Փանոսյանն ասաց, որ Արտակ Մնացականյանն ինքն է ազատման դիմում գրել: Մեր դիտարկմանը, որ ըստ որոշ տեղեկությունների, ուսուցչի ազատումը քաղաքական ենթատեքստ ունի, Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենը հետեւյալ կերպ արձագանքեց. «Եղել է կարգապահական խախտում, առաջարկել եմ գրել բացատրություն: Աշխատանքային ժամին աշխատավայրում չի եղել»: Նորից հարցրինք՝ այնուամենայնիվ, ազատման պատճառը քաղաքական ենթատեքստ ունի՞, դպրոցի տնօրենը չպատասխանեց մեր հարցին, այլ հորդորեց դիմել Արտակ Մնացականյանին:
Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Մնացականյանը հետեւյալը փոխանցեց. «Ինձ աշխատանքից ազատել են քաղաքական երանգներով: Ես կարմիր գիծ ունեմ՝ դպրոցում երբեք չզբաղվել քաղաքականությամբ: Ես ռազմագիտության ուսուցիչ եմ եղել, իսկ ժամը 16-ից հետո ունեմ իմ կամարտահայտման իրավունքը՝ ուր գնալ, ինչ անել, եւ որեւէ մեկը չի կարող դրա հետ կապված պատնեշ դնել: Ամենակարեւորը, դասի ժամանակ ես բացարձակապես զրո քաղաքականությամբ եմ զբաղվել: Մի անգամ ընդամենը մեկ-երկու րոպեով մտել եմ ԲՀԿ-ի շտաբ, դա ֆիքսել են ու տարբեր լծակներով այնպես են արել, որ չաշխատեմ դպրոցում: Ես 36 տարեկան եմ, ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, կառավարման ակադեմիան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան , եւ սա իմ միակ աշխատանքային երկուշաբթին էր, որ աշխատանքի չէի»: Հարցին՝ իսկ ինչու տեղի տվեց եւ դիմում գրեց, Արտակ Մնացականյանն այսպես արձագանքեց. «Ես այդ պահին շատ ծանր ու թեթեւ չարեցի, հետո, որ առաջարկեցին բացատրագիր գրել, թե ինչու եմ 1-2 րոպեով բացակայել, ինչու եմ 16:00-ից հետո ԲՀԿ-ի ակտիվում աշխատում եւ այլն, մտածեցի, որ եթե դա գրեմ, հնարավոր է իրենք աշխատանքից ինձ ազատեն, դրա համար որոշեցի ինքս դիմում գրել: Ես ուսուցիչների եւ աշակերտների շրջանում հարգանք եմ վայելում, աշակերտներս շատ տխրել են, զանգում, հարցնում են, թե ինչու չեմ գնում դպրոց: Ես դասապատրաստման իմ հատուկ մեթոդն ունեմ, աշակերտներիս հետ խոսում էի նաեւ պատերազմից, հայկականությունից, հասցրել էի վայելել երեխաների սերն ու հարգանքը, իսկ այժմ գործազուրկ եմ: Մի քիչ այս էյֆորիան անցնի, հետո կորոշեմ ինչ անել, որտեղ աշխատել, հատկապես, որ 3 հաստատություն եմ ավարտել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


