
Apple-ի ղեկավարը զանգում էր ինձ՝ «հետույքս համբուրելու» համար․ Թրամփը՝ Apple-ի հեռացող գործադիր տնօրենի մասին
Ես միշտ եղել եմ Թիմ Քուկի, ինչպես նաև Սթիվ Ջոբսի մեծ երկրպագու, սակայն եթե Սթիվն այդքան երիտասարդ չհեռանար կյանքից և Թիմի փոխարեն ղեկավարեր ընկերությունը, այն լավ կզարգանար, բայց ոչ այնքան լավ, որքան Թիմի օրոք․ Սթիվ Ջոբսի և Apple ընկերության՝ պաշտոնից հեռացող գործադիր տնօրենի մասին Truth Social–ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինձ համար ամեն ինչ սկսվեց Թիմի զանգով` իմ առաջին նախագահական ժամկետի սկզբում։ Նա բավականին լուրջ խնդիր ուներ, որը միայն ես՝ որպես նախագահ, կարող էի լուծել։ Շատերը միլիոնավոր դոլարներ կվճարեին խորհրդատուի, որին ես, հավանաբար, նույնիսկ չէի ճանաչի, բայց որը կասեր, որ ինձ լավ է ճանաչում։ Գումարները կվճարվեին, խնդիրը, սակայն, ամենայն հավանականությամբ, չէր լուծվի։
Երբ զանգ ստացա, ասացի․ «Օ՜, Թիմ Էփլն (Քուկը) է զանգում, ի՜նչ մեծ բան է»։ Շատ տպավորված էի ինքս ինձնով, որ Apple-ի ղեկավարը զանգում էր ինձ՝ «հետույքս համբուրելու» (նկատի ունի օգնություն խնդրելը-Խմբ․)։
Ամեն դեպքում, նա բացատրեց խնդիրը, որը բարդ էր։ Հասկացա, որ նա ճիշտ էր, ու արագ և արդյունավետ կերպով լուծեցի այն։ Դա մեր երկար և շատ լավ հարաբերությունների սկիզբն էր», – գրել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ իր 5 տարվա նախագահության ընթացքում Թիմ Քուկը երբեմն զանգում էր իրեն օգնություն խնդրելու։
«Նա զանգում էր ինձ, ես օգնում էի, թեև ոչ միշտ, որովհետև երբեմն նա չափազանց ագրեսիվ էր իր խնդրանքների մեջ», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ Քուկն ունեցել է հիանալի կարիերա, և որ նա կշարունակի մեծ աշխատանք կատարել Apple-ի համար, ինչպես նաև ցանկացած այլ ոլորտում, որտեղ նա կորոշի աշխատել։


