22 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Հետք»

«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Հետք»

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ գրում է «Հետքը»։

«Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ:

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն (ընկերության իրավահաջորդն այժմ «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերը Ջեյմս Թուֆենկյանը (10%) և «Թուֆենկյան հոլդինգս» ՍՊԸ-ն են (90%), 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության): Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:

2025թ. մարտի 25-ին դատարանը մերժել էր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հայցադիմումը, ինչից հետո ընկերությունը դիմել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչը բավարարել էր հայցը և դիմումն ուղարկել ստորադաս ատյան` ողջ ծավալով նոր քննության:

Ընկերությունը միաժամանակ դիմել էր Վարչական դատարան` վիճարկելով Կառավարության 2022թ. նոյեմբերի 24-ի որոշումը, որով «Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․։ Այս դատական գործում վիճարկում էին հենց ժամկետի երկարացման իրավաչափությունը, քանզի, ըստ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանի, այն հիմնավորված չէ:

Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում էր «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:

ՍԴ-ն 2025թ. դեկտմեբերին այս գործի վարույթը կարճել էր` անհիմն լինելու հիմնավորմամբ:

Ներպետական ատյանները սպառելուց հետո Թուֆենկյանի ներկայացուցիչները 2026-ի փետրվարի 26-ին դիմել են ՄԻԵԴ: Խնդրել են ճանաչել կոնվենցիոն իրավունքների, այս դեպքում` սեփականության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և խտրականության բացառման իրավունքների խախտումները»,- գրում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026