30 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում մամուլի ազատության վիճակը  կտրուկ վատթարացրել է․ երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի․ RSF

ՀՀ-ում մամուլի ազատության վիճակը  կտրուկ վատթարացրել է․ երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի․ RSF

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության նոր վարկանիշային աղյուսակի համաձայն՝ մամուլի ազատության վիճակն աշխարհում գնահատվում է որպես «խնդրահարույց» կամ «ավելի վատ»՝ աշխարհի երկրների մոտ 75 տոկոսում։ Այս վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը 180 երկրների շարքում՝ 67․02 ընդհանուր միավորով կտրուկ վատթարացնելով իր դիրքերը։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը՝ 73․96 միավորով։

Ինչպես ընդգծվել է, չնայած Հայաստանի բազմազան մեդիա լանդշաֆտին՝ նրա լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի և Եվրամիության միջև երկրի բարդ դիրքով։

Սոցիալական ցանցերը, որոնք ամեն օր օգտագործվում են բնակչության երկու երրորդի կողմից, տեղեկատվության հիմնական աղբյուրն են։ 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, և անկախ լրատվական կայքեր, որոնք կատարում են անկախ վերահսկողի դեր։ Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության վերաբերյալ։

Քաղաքական համատեքստ

Լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Միայն մի քանի լրատվամիջոցներ են ցուցաբերում անկախություն։ Հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի ու ավելի լարված հարաբերությունները։ Այս լարվածության պատճառով՝ լրագրողներն ավելի ու ավելի են բախվում համակարգված ապատեղեկատվական արշավների և աշխարհաքաղաքական շփման հետ կապված հիբրիդային ազդեցության գործողությունների, որոնք ավելի են աղավաղում տեղեկատվական տարածքը: Որոշ քաղաքական խմբեր թիրախավորում են լրագրողներին։

Իրավական շրջանակ

Չնայած զրպարտության քրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը՝ ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և լռեցնելու հրամանների առաջացրած խնդիրները: Պետական տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն):

Տնտեսական համատեքստ

Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ գտնվող անձանց կողմից կամ աջակցվում է ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Քիչ լրատվամիջոցներ են ընդունել վճարովի բաժանորդագրության մոդելներ, և գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Միևնույն ժամանակ՝ պետական լրատվամիջոցները խուսափում են կառավարությանն ուղղված ցանկացած քննադատությունից։

Սոցիալ-մշակութային համատեքստ

Որպես մասնագիտություն՝ լրագրությունը նսեմացվում է և ենթարկվում անհանգստացնող ատելության խոսքի տեսակների: Քաղաքական վերնախավի կողմից լրատվամիջոցների դեմ ուղղված հռետորաբանությունը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց հակառակորդներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին: Նրանք անընդհատ վիրավորվում են, ենթարկվում են հարձակումների և կանգնում զրպարտության համար նախատեսված դատական գործընթացների առջև, ինչն ամրապնդում է ինքնագրաքննությունը։

Անվտանգություն

Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026