
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները նախընտրական պոպուլիզմ են և սեփական ընտրազանգվածին ներքին լուրջ խնդիրներից շեղելու հուսահատ փորձ․ Բելառուսի ԱԳՆ
Բելառուսը հստակ տարբերակում է եղբայրական հայ ժողովրդին իրենց կարճատես պետական պաշտոնյաներից. հայտարարել է Բելառուսի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը։
Նրա հայտարարությունը հնչել է ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս Բելառուսի «ինքնուրույն չլինելու» մասին արված հայտարարությունների։
«ՀՀ խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին իր ներքին լուրջ խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատությունը կտրուկ աճում է՝ հատելով 40%-ի սահմանը, գործազրկությունը աճում է, իսկ շրջանները լճանում են, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակներ օգտագործելն է։ Նման ցինիկ մոտեցումը ցավալի է», – նշել է Վարանկովը։
Նրա խոսքով՝ «Բելառուսը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը»։
«Մենք հպարտ ենք այս համագործակցությամբ և թույլ չենք տա որևէ մեկին մեզ դասեր տալ»։ Մինսկին ներքաղաքական վեճերի մեջ ներքաշելու փորձերը՝ առասպելական միջամտության քողի տակ, դիվանագիտական տարրական էթիկայի կոպիտ խախտում են։ Պաշտոնական Երևանի, այսպես կոչված, հավասարակշռված արևմտամետ կուրսի արդյունքները հստակ են՝ բնակչության թվի նվազում, քրոնիկ տնտեսական անկայունություն և արտաքին քաղաքականության լիակատար կախվածություն, ինչը նրան ստիպում է ծառայել որպես խամաճիկ այլ երկրների գագաթնաժողովներում», – ընդգծել է նա։


