
«Մենք շատ տրավմաների ենք ենթարկվել»․Ադրբեջանի ներկայացուցիչը Երևանում դժգոհեց ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից
Այսօր «Երևանյան երկխոսություն. Հարավային Կովկաս, խաղաղության և համագործակցության հեռանկարներ» պանելային քննարկմանը մասնակցող Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսիֆ Հուսեյնովն առիթը բաց չթողեց դժգոհելու ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ նշելով, թե իրենք «բավականին շատ տրավմաների են ենթարկվել տասնամյակներ շարունակ Մինսկ խմբի տխրահռչակ ներգրավվածության պատճառով»։
«Ուստի՝ հետպատերազմյան այս վերակարգաբերումների շրջանում ադրբեջանական կողմը նախընտրում է երկկողմանի ներգրավվածությունը՝ դա լինի Վրաստանի հետ հարաբերություններում, թե Հայաստանի։ Մասնավորապես, Հայաստանի հետ հիմա մենք ունենք գործակցության բազմաթիվ ուղիներ, օրինակ՝ խաղաղության գործընթաց, սահմանազատում, սահմանագծում, փոխկապակցվածություն, առևտուր, սրանք երկրների կողմից առաջ մղվող գործընթացներ են»,- ասաց Հուսեյնովը։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասը մեկուսացված կղզի չէ հսկայական օվկիանոսում․ «Մենք պետք է հարևան երկրների հետ հարաբերություններ ունենանք՝ հաշվի առնելով արտաքին ուժերին։ Այս առումով հիմա փորձում եմ փոխանցել այն իշխող տեսակետը, որ առկա է Բաքվում․ ադրբեջանական կողմը միանշանակ կողջուներ այն ներգրավվածությունները, որոնք կփորձեին աջակցել խաղաղության գործընթացին, կամ նրանք, որոնք նախագծված են տարածաշրջային դիմակայունության ու ենթակառուցվածքների ամրապնդման համար, ինչպես, օրինակ, ԱՄՆ TRIPP նախագիծն է»։


