
Ես ահաբեկված հետևում էի, թե Փաշինյանն ինչպես խոսքը փոխանցեց Ալիևին, և Ալիևը քրիստոնյա նահատակներին նկարագրեց որպես պատերազմական հանցագործների․ Ռոբերտ Ամստերդամ
Ուզում եմ նախ շնորհավորել Հայաստանի ժողովրդին, որոնք հյուրընկալեցին աշխարհի տասնյակ առաջնորդների քաղաքավարությամբ, մեծահոգությամբ և շռայլությամբ։ Ես հազվադեպ եմ նախկինում նման բան տեսել։ Բոլոր նրանք, ովքեր այսպիսի ջերմություն են ցուցաբերել եվրոպացի մեր հյուրերին, իրոք դրվատանքի արժանի են։ Ես նույն գովասանքը, սակայն, չեմ կարող ուղղել Հայաստանի կառավարությանը․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Ես, անկեղծ ասած, ահաբեկված հետևում էի, թե պարոն Փաշինյանն ինչպես խոսքը փոխանցեց պարոն Ալիևին (գագաթնաժողովի ժամանակ-Խմբ․), և պարոն Ալիևը քրիստոնյա նահատակներին նկարագրեց որպես պատերազմական հանցագործների, և պահանջեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովն անցկացվի Ադրբեջանում, մի երկրում, որտեղ բռնապետություն է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօրվա դրությամբ իրավունքի գերակայություն չունեցող և ավտորիտար երկիր է․ «Քաղաքական հակառակորդները բանտարկվում են կամ տնային կալանքի տակ են, Եկեղեցին հարձակման է ենթարկվում և այլն»։


