
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե կանենք, երբ անհրաժեշտություն լինի․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, ընդամենը չկառուցվածի հաշիվ է՝ միանշանակ և աներկբա․ այսօր քարոզարշավի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնում ենք Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով․
- Ես աշխատանքային մակարդակում ՌԴ նախագահի հետ այդ քննարկումն ունեցել եմ։ Մինչև այն պահը, երբ դե յուրե ու դե ֆակտո ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնի․ Փաշինյանը՝ ԵՄ ուղին բռնելու պատճառով ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին։
- Ես համաձայն չեմ նաև «ապահարզան» ձևակերպման հետ։ Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ինչի հետ համաձայն չեմ։
- Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, և քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում նման հարց դնել մեր առաջ։
- ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե կանենք, երբ անհրաժեշտություն լինի։
- Ես նախկինում էլ ասել եմ՝ մենք չենք ունեցել, չունենք ու չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին, և շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով։
- Մենք ՌԴ նախագահի հետ ամենասուր հարցերն անգամ քննարկել ենք հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում։
- Ես նախընտրական քարոզարշավի պատճառով մայիսի 28-29-ին չեմ կարողանալու մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին։
- Չեմ կարծում, որ ես մասնակից երկրներին պետք է գրաքննեմ կամ ինչ-որ կերպ արձագանքեմ․ Փաշինյանը՝ Երևանում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Զելենսկիի հայտարարությանը չարձագանքելու մասին։
- ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում, որպեսզի սեփական աչքերով տեսնեն մի փաստ՝ ՀՀ-ն այլևս ունի նոր բանակ՝ նոր որակի, մակարդակի ու տրամաբանության։
- Կտրիճ Ներսիսյանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից է․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի՝ Սամվել Կարապետյանին այցելելու մասին։


