
«Թվային կարանտին»․ անվտանգային ի՞նչ միջոցառումներ են իրականացվում ԱՄՆ պաշտոնյաների՝ Չինաստան այցի ժամանակ
Բանակցությունների գնալիս անձնական բջջային հեռախոսները պետք է թողնել «տանը»․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա հարյուրավոր օգնականների, անվտանգության աշխատակիցների և այլ պաշտոնյաների Չինաստան կատարելիք այցին ընդառաջ Fox News-ը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Չինաստան մեկնելիս ամերիկացի պաշտոնյաների ձեռնարկած անվտանգային միջոցառումներին։
Չինաստան մեկնող ամերիկացի պաշտոնյաները հաճախ իրենց հետ վերցնում են «մաքուր»՝ նվազագույն տվյալներ պարունակող սարքավորումներ, ժամանակավոր նոթբուքներ և խիստ վերահսկվող կապի համակարգեր, որոնք նախատեսված են նվազեցնելու վերահսկման, հաքերային ներթափանցումների կամ տվյալների հավաքագրման վտանգը՝ մի միջավայրում, որը Միացյալ Նահանգները համարում է աշխարհում ամենաագրեսիվ կիբեռմիջավայրերից մեկը։
Անվտանգային նման միջոցառումները կարող են նույնիսկ առօրյա, սովորական գործողությունները վերածել լոգիստիկ գլխացավանքի․ հաղորդագրությունները, որոնք սովորաբար ակնթարթորեն փոխանցվում են անվտանգ հավելվածների կամ սինխրոնացված սարքերի միջոցով, փոխարենը փոխանցվում են վերահսկվող կապուղիներով, ժամանակավոր օգտահաշիվներով կամ էլ փոխանցում են անձամբ։
Նշվում է, որ նույնիսկ հեռախոսների լիցքավորումը կարող է անվտանգային խնդիր դառնալ․ դաշնային կիբերանվտանգության ուղեցույցը զգուշացնում է ճանապարհորդներին խուսափել սարքավորումներն անհայտ USB միակցիչներին (USB ports) կամ անվստահելի լիցքավորման համակարգերին միացնելուց:
Չինաստանի կառավարությունը, սակայն, հերքել է պնդումները, որ իրականացնում է անպատշաճ հսկողություն։
«Չինաստանում անձնական տվյալները պաշտպանված են օրենքով։ Չինաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օրենքի համաձայն տվյալների գաղտնիության և անվտանգության պաշտպանությանը։ Այն երբեք չի պահանջել և չի պահանջի ձեռնարկություններից կամ անհատներից հավաքագրել կամ պահպանել տվյալներ՝ խախտելով օրենքը», – Fox News Digital-ին ասել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը։


