
Հնարավոր են շփումներ Լավրովի և Ռուբիոյի միջև․ Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը խոսել է ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են պահպանում․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ամերիկացիների հետ բարձր՝ վարչակազմի մակարդակով շփումները շատ ինտենսիվ են և շարունակական․ այժմ մի իրավիճակ է, որտեղ կան երկխոսության բազմաթիվ խողովակներ», – ասել է Ռյաբկովը։
Փոխնախարարը նաև չի բացառել Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև նոր շփումների հնարավորությունը՝ նշելով, սակայն, որ ժամանակացույցի վերաբերյալ համաձայնություն չկա։
«Երբ անհրաժեշտություն է առաջանում, մենք քննարկումներ ենք ունենում․ չեմ բացառում, որ առաջիկայում նոր շփումներ կլինեն», – հավելել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահի օգնական Յուրի Ուշակովը կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ, սակայն Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ դեռևս հստակ ծրագրեր չկան։


