
Նոր մշակված դեղահաբը կրկնապատկում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով բուժառուների կյանքի տևողությունը
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար մշակված փորձարարական դեղահաբը կրկնապատկել է բուժառուների կյանքի տևողությունը քիմիաթերապիայի համեմատ․ գրում է BBC-ն։
Մասնագետների կարծիքով՝ Դարակսոնրասիբ (daraxonrasib) կոչվող դեղամիջոցը բեկումնային առաջընթաց է հիվանդության բուժման և վերահսկման գործում․ նրանք կլինիկական փորձարկումն անվանել են ոլորտի շրջադարձային ձեռքբերում։ Այն օգնում է կանխել քաղցկեղի տարածումն՝ ապաակտիվացնելով մուտացված KRAS գենը, որն առկա է ենթաստամոքսային գեղձի ուռուցքների ավելի քան 90%-ում և խթանում է քաղցկեղի աճը։
Փորձարկմանը մասնակցել է Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից 500 բուժառու։ Պարզվել է, որ մինչդեռ քիմիաթերապիա ստացած բուժառուների կյանքի միջին տևողությունը 6.6 ամիս է, դեղամիջոցն ընդունած բուժառուների դեպքում այն 13.2 ամիս է։ Բացի այդ, դեղամիջոցի կողմնակի ազդեցություններն ավելի քիչ են։
Փորձարկումը, որն իրականացրել են ամերիկացի գիտնականները, ներկայացվել է Չիկագոյում՝ Ամերիկյան կլինիկական օնկոլոգիայի ընկերության տարեկան ժողովում։ Այն ընդգրկել է 248 բուժառու, որոնք ընդունել են դեղամիջոցը, և 252 բուժառու, որոնք ստացել են քիմիաթերապիա։


