
Աֆղանստանում կանայք են ձերբակալվել՝ մարմինը ծածկող հագուստ չկրելու համար
Աֆղանստանի արևմտյան Հերաթ քաղաքի բնակիչները AFP լրատվական գործակալությանը հայտնել են, որ ականատես են եղել՝ ինչպես է «Թալիբան» շարժման ձևավորած կառավարության բարոյականության ոստիկանությունը կանանց ձերբակալել՝ հագուստը ճիշտ կրելու հետ կապված գործողությունների շրջանակում․ գրում է Euronews-ը։
Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNAMA) կիրակի հայտարարել է, որ «մտահոգված է Հերաթ քաղաքում, հագուստի սահմանված չափանիշները չպահպանելու պատճառով, կանանց բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորումների կապակցությամբ»։
2021 թվականի օգոստոսին իշխանության վերադառնալուց հետո «Թալիբան»-ն աստիճանաբար խստացրել է կանանց նկատմամբ սահմանափակումները։ Երկրում կանայք տնից դուրս գալիս պարտավոր են ամբողջությամբ ծածկված լինել, կրել երկար ու լայն զգեստ՝ գլխաշորի և դեմքը ծածկող քողի հետ միասին։
Նշվում է, որ Հերաթում կանայք ձերբակալվել են մարմինն ու դեմքը ծածկող վերնահագուստ՝ բուրկա, չկրելու համար։


