08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդդիմության քվե տվածների համար ամենաէական հարցն այժմ սա է՝ ընդդիմությունը ճանաչո՞ւմ է այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը․ քաղաքագետ

Ընդդիմության քվե տվածների համար ամենաէական հարցն այժմ սա է՝ ընդդիմությունը ճանաչո՞ւմ է այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը․ քաղաքագետ

Նախ՝ երբ մարդը հաղթում է, սովորաբար սպասում է արդյունքներին։ Իսկ երբ մարդը վախենում է արդյունքներից, սկսում է արդյունքներից առաջ իրեն հաղթող հայտարարել․ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Այնպես որ խնդիրը տոկոսը չէ։ Խնդիրն այն է, որ գիշերվա հապճեպ գործելաոճն ավելի շատ բնորոշ էր ոչ թե հաղթողին, այլ արդյունքներից խորապես անհանգստացած և դրանց հետ ինչ-որ բան արած թեկնածուի վարքագծին։

Երկրորդ՝ հարգելի ընդդիմություն, ինչպիսի՞ն է «Փոխաջակցության դաշինք» չունենալու, այն չստեղծելու, չփոխգործակցելու, չհամակարգվելու համը։ Դա՜ռը, չէ՞: Իսկ բացառապես մեծամասնության ձևավորման գնալու ու գերբարձրացված սպասումներ գեներացնելու, բայց դրանք սպասարկել չկարողանալու քաղաքական արդյո՞ւնքը։

Դե՛, դե՛…

Դուք կրկին քննարկում եք, թե ինչպիսինն է Փաշինյանը։ Ավելին՝ քննարկում եք, թե ինչի իրավունքը նա ունի, ինչինը՝ ոչ, իսկ նա 8 տարի արել է այն, ինչ տեսականորեն և պրակտիկ առումով չէր կարելի։

Մինչ ՀՀ ԿԸՀ-ն գիշերը «կախել էր», իսկ «Իրական ԿԸՀ-ն» հայտարարում էր իր հաղթանակը, ձեր ընտրողները շոկի մեջ էին, որովհետև զրո գործառույթ էիք առաջարկել նրանց հետընտրական էսպիսի իրադրությունում, ուրեմն մի՛ վհատվեք, որ ձեր ընտրողը հարցեր ունի։ Հարցեր ունի, որովհետև հույս էր կապել, հավատացել, եկել ձեր հետևից ու վստահել, որ դուք գիտեք ու անելու եք ավելին, քան ինքը։ Լիքը հրապարակը երեկ ժամը 20:00-ից պետք է լիներ. դա էր լինելու զսպիչ ուժը և Փաշինյանի օպերատիվ մանյովրների սահմանափակման կոդը, ինչը տեսնելով՝ նույնիսկ Փաշինյանը, առանց ԿԸՀ-ի նախնական տվյալների, «ինքնահռչակման» ռիսկի տակ չէր մտնի։

Նա գիշերը արագ սրեց խաղը, որովհետև գիտեր, որ դուք երկար եք մտածելու՝ ընդունե՞ք մարտահրավերը, թե՞ ոչ։ Նա գիտի, որ մինչ դուք երկար մտածեք և սպասեք ԿԸՀ-ի վերջնական տվյալներին, այդ տվյալները դանդաղ կդառնան էնպիսին, ինչպիսին իր հայտարարությունն էր։ Հիմա դուք արդեն ոչ թե «փոխաջակցության դաշինքի», որը պետք էր «երեկ», այլ հենց ձեր միջև «փոխվստահության դաշինքի» կարիքն ունեք:

Ձեր ընտրողը, երեկվա հետևանքով, այսօր արդեն մի շարք հարցեր ունի։ Նշեմ գոնե մեկը, որը հիմնարարն է՝ «Ճանաչո՞ւմ եք արդյոք այս ընտրությունների արդյունքների օրինականությունն ու լեգիտիմությունը»։ Այս հարցի պատասխանն է ամենաէականը. այն է որոշելու ձեր հետագա ուղղությունը՝ կգնա՞ք աջ, թե՞ ձախ։

Թե՛ աջ ճանապարհի, թե՛ ձախ ճանապարհի հիմնավորումները կարելի է գտնել, բայց կարևոր խնդիրը հիմնավորումը չէ։ Կարևորն այն է, թե ձեր ընտրողը ձեզ աջի՞, թե՞ ձախի մանդատ է տվել։

P.S. «Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակ»

Ջեյհուն Բայրամով, Ադրբեջանի ԱԳ նախարար, 8 հունիսի, 2026

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026