
Սի Ծինփինը խոստացել է Հս․ Կորեայի հետ հարաբերությունները հասցնել «նոր բարձունքների»
Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը խոստացել է բարդ ավանդական դաշինքը հասցնել «նոր բարձունքների»․ գրում է Euronews-ը։
Փհենյանի միջազգային օդանավակայան ժամանելուն պես՝ Սի Ծինփինին և նրա կնոջը՝ Պեն Լիյուանին, դիմավորել են շքեղ ընդունելության արարողությամբ՝ կարմիր գորգ, պատվո պահակախումբ, փուչիկները ձեռքներին՝ ցատկոտող երեխաներ, երկու երկրների դրոշներով, Կիմի և Սիի հսկայական դիմանկարներով, ինչպես նաև կարմիր ու դեղին պաստառներով պատված Փհենյանի գլխավոր հրապարակ, Սիի և նրա պատվիրակության պատվին կազմակերպված խնջույք։
Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Հս․ Կորեայի հետ համագործակցությունն առևտրի, գյուղատնտեսության, շինարարության և տեխնոլոգիաների ոլորտներում՝ հավելելով, որ երկու երկրները պետք է ամրապնդեն ռազմավարական գործակցությունը և վճռականորեն պաշտպանեն իրենց ինքնիշխանությունն ու անվտանգային շահերը։
Կիմ Չեն Ընն, իր հերթին, հաստատել է, որ Հյուսիսային Կորեան և Չինաստանը կպահպանեն իրենց բարեկամությունը։ Նա Սի Ծինփինին անվանել է «ամենակարևոր պետական հյուրը» Փհենյանի համար։
Սա 7 տարվա ընթացքում Չինաստանի նախագահի առաջին այցն էր Հյուսիսային Կորեա։ Երկու երկրների առաջնորդները վերջին անգամ հանդիպել էին Պեկինում նախորդ տարվա սեպտեմբերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ օտարերկրյա առաջնորդների հետ միասին զինվորական շքերթ դիտելիս։


