
«Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ. հայտարարություն
2026թ․ հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումներով և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը։ Այս մասին ասված է «Ապրելու երկիր» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրան նախորդող ամիսներին իշխանության ներկայացուցիչներն իրականացրել են ընտրողների նկատմամբ ճնշումներ՝ աշխատանքից ազատելու, ձերբակալելու և այլ սպառնալիքների տեսքով, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր կամ իրենք, կամ իրենց ընտանիքի անդամները որևէ ձևով ներգրավված են եղել ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության մեջ։
Անհիմն ձերբակալվել, կալանավորվել, երկարատև հարցաքննությունների են կանչվել ընդդիմադիր թեկնածուներ և ընտրական շտաբների պատասխանատուներ՝ նրանց ընտրական գործընթացներից դուրս մղելու նպատակով։
Թեև պետական պաշտոնյաները գտնվել են արձակուրդում, քարոզարշավի ընթացքում շարունակել են հանդես գալ իրենց պաշտոնեական դիրքերից՝ անուղղակիորեն կատարելով իրենց գործառույթները։
Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ իրականացրել է համակարգված հակաքարոզչություն ընդդիմադիր ուժերի նկատմամբ՝ կրկնելով իշխանական համացանցային լրատվամիջոցների հակաքարոզչական թեզերը։
Ընտրությունների օրը բազմաթիվ տեղամասերում և դրանց հարևանությամբ, իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ, ճնշում է գործադրվել ընտրողների ազատ ընտրության վրա։
Թեև տեղամասերում, բուն քվեարկության գործընթացը անցել է հիմնականում օրենքի շրջանակներում, սակայն, համաձայն մեր վերլուծությունների և գնահատականների, ընտրություններին մասնակցող քաղաքացիներից առնվազն 130.000-ը իշխող կուսակցությանն ընտրել է պարտադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից։
Նշված խախտումներն արձանագրել է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ Վերոնշյալն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը։
Այսպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ»,- ասված է հայտարարության մեջ։


