11 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆորսմաժորային իրավիճակ Գյումրիում. քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ֆորսմաժորային իրավիճակ Գյումրիում. քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երեկ գիշեր Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկտի հետևանքով քաղաքում ստեղծվել է իսկական ֆորսմաժորային իրավիճակ։ Ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար․ այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետարանը;

«Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնեց, որ տեղումների ծավալն աննախադեպ էր։

«Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը»,- նշեց Չադրյանը։

Աղետի հետևանքները վերացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանն ամբողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գործի է դրվել համապատասխան ամբողջ տեխնիկան։ Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում փորձել են հեռացնել հաստ սառցաշերտը, մաքրել ճանապարհն ու բացել հաղորդակցությունը մեքենաների համար։

Գիշերվա աղետի, պատճառված վնասների և իրականացվող աշխատանքների ընթացքի մասին առավել մանրամասն տեսանյութը կներկայացնենք հաջորդիվ»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026