
Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, և ի՞նչ կլինի, եթե վերցնի․Արփինե Հովհաննիսյանի պարզաբանումը
Ընդդիմությունն իսկապես բարդ վիճակում է գտնվում, և ցանկացած որոշման դեպքում էլ, միևնույն է, վճարելու է բավականին բարձր քաղաքական գին․այսօր ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Բայց շատ կարևոր է, որ որոշումները, որոնք կայացվում են, լինեն ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, այլ լինեն քաղաքական որոշումներ, որոնք կկոմունիկացվեն շատ ազնիվ ու հասուն կերպով սեփական ընտրողների հետ»,- ասում է նախկին նախարարը։
Ի՞նչ թեզեր են նետվել քարոզչական դաշտ․ «Մասնավորապես, որոշ իրավաբաններ ասում են, որ այ, եթե մանդատները չվերցնեք, Նիկոլ Փաշինյանն օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի Սահմանադրական դատարան, և դրա արդյունքում ավելի փոքր ուժերի կտա մանդատները։ Ես այդ սցենարը, մեղմ ասած, իրատեսական չեմ համարում»։
Ըստ նրա՝ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր ու իր քարոզչական թեզերի նկատմամբ: «Ավելի իրատեսական կհամարեի, եթե քննարկեինք, որ մի հրաշքով ընդդիմությունը չվերցներ մանդատները, ու բոլորը բացարկ հայտնեին, այս դեպքում իշխանությունը դրսում գտնվող ընդդիմությանն ամեն կերպ կճնշեր և կդեմորալիզացներ»,- նշել է նա:
«Հիմա, քանի որ ես ենթադրում եմ, որ ավելի հակված են վերցնելու մանդատները, այստեղ մի կարևոր բան եմ ուզում քննարկել․ նայեք, երբ ընտրությունների համատարած ընտրակեղծիքների մասին խոսվում է, երբ, օրինակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի դե յուրե անդամ «Ապրելու երկիր» կուսակցությունն ասում է, որ կառավարության ձևավորումը չեն համարում լեգիտիմ և այլն, այսպիսի խոսույթ եթե գեներացվում է, ես չեմ ասում դա այդպես է, թե ոչ, երբ այսպիսի խոսույթ է գեներացվում, ապա քննարկել առհասարակ մանդատ վերցնելու հարցն այդպիսի համատարած ընտրակեղծիքների դեպքում, մեղմ ասած, տրամաբանական չէ։
Բացի դա, պետք չէ քննարկել նաև այնպիսի թեզ, ինչպիսին է՝ պակասում են ինչ-որ ձայներ, երեք հինգերորդ և այլն, որովհետև մենք տեսել ենք, որ շատ հանգիստ կերպով մարդիկ գնում են և գաղտնի քվեարկություններով քվեարկում են նրանց օգտին, ում օգտին իրենք ուզում են, ոչ ոք չի էլ իմանում անգամ՝ ո՛ր մի ընդդիմադիրը ում ձայն տվեց։
Եվ անլուրջ եմ համարում իշխանական պատգամավորներ այս կողմ բերելու թեզը, ես ավելի լուրջ կհամարեմ այն քննարկումը, որ ընդդիմության առաջնորդները հանրային երաշխավորություն ստանձնեն իրենց ցուցակներից պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար, երաշխավորեն, որ նրանք չեն լինելու այն պակասող ձայները։ Սա ավելի առարկայական գոնե բաց խոսակցություն կլինի, քան ինչ-որ հորինված քարոզչական թեզեր տարածելը»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը։


