
Սերբիայում շարունակվում են ցույցերը՝ չնայած նախագահի հրաժարականի մասին հայտարարությանը
Հազարավոր ցուցարարներ կիրակի դուրս էին եկել Սերբիայի Կրալևո քաղաքի փողոցներ՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով․ գրում է Reuters գործակալությունը։
Մեկ օր առաջ Վուչիչը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհեռանա պաշտոնից՝ ճանապարհ հարթելով նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար։
Թեև շատ ցուցարարներ գոհունակությամբ են ընդունել Վուչիչի հրաժարականի մասին հայտարարությունը, նրանք մտավախություն ունեն, որ նա ամբողջությամբ չի հրաժարվի իշխանությունից։ Վերլուծաբանների կարծիքով՝ նա կարող է փորձել առաջադրվել վարչապետի պաշտոնում և նախագահի պաշտոնում նշանակել իր կողմնակիցներից մեկին, որպեսզի պահպանի իր ազդեցությունն ու իշխանությունը։
Սերբիայում Վուչիչի դեմ արդեն ամիսներ շարունակ ցույցեր են անցկացնում ուսանողները։ Բողոքի ակցիաները սկսվել են 2024 թվականի վերջին Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվել էր 16 մարդ։


