
Աճառյան փողոցի շենքերից մեկի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել․ Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա․ գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։Պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


