30 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2023 թվականի մայիսի 6, ժամը 22:00․ ինչպես հյուսիսկորեական ընտանիքը 10 տարվա գաղտնի պլանից հետո փախավ Հարավային Կորեա

2023 թվականի մայիսի 6, ժամը 22:00․ ինչպես հյուսիսկորեական ընտանիքը 10 տարվա գաղտնի պլանից հետո փախավ Հարավային Կորեա

2023 թվականի մայիսի 6-ի գիշերը, երբ փոթորիկ էր մոլեգնում, ինը հոգուց բաղկացած հյուսիսկորեական մի ընտանիք փոքր ձկնորսական նավով փախուստի դիմեց՝ հույս ունենալով նոր կյանք սկսել Հարավային Կորեայում։ CNN-ի լրագրողը զրուցել է այդ ճանապարհորդությունն ավելի քան տասը տարի ծրագրած երկու եղբայրներից մեկի՝ Կիմ Իլ Հյոկի հետ։ 

«Անչափ լարված էի․ սիրտս այնպես էր բաբախում, կարծես գլխիս մեջ հարվածներ լսվեին։ Այդ գիշեր հորդառատ անձրև էր տեղում։ Ալիքները հեշտությամբ կարող էին մեր նավը հարվածել ժայռերին ու խորտակել», – պատմում է նա։

Նավում էին Կիմ Իլ Հյոկը, նրա հղի կինը և ընտանիքի ևս յոթ անդամ։

«Հայրս ասում էր՝ այս հասարակությունը փոխել հնարավոր չէ։ Այն կողմում ազատ աշխարհ կա։ Եկե՛ք գնանք Հարավային Կորեա»։ Այդպես ամեն ինչ սկսվեց։ Նա կրտսեր եղբորս ուղարկեց ծովում աշխատելու, որտեղ նա կասկած չհարուցելու համար կապեր էր հաստատել անվտանգության ծառայության աշխատակիցների հետ», – պատմում է Կիմը։

Ավելի քան տասը տարի երկու եղբայրները ձևացնում էին, թե ձկնորսության են գնում, բայց իրականում փորձարկում էին իրենց փախուստի ծրագիրը՝ նավարկելով Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող խիստ վերահսկվող ծովային սահմանի մոտ։ Նրանք նաև հաշվարկել էին, թե որքան ժամանակ է պահանջվում պարեկային նավերին իրենց հասնելու համար։

Վերջնական որոշումը կայացրել են COVID-19-ի համավարակի ընթացքում, երբ, Կիմի խոսքով, երկրում իրավիճակն ավելի էր վատթարացել։ Փախուստի օրը նշանակել էին 2023 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 22:00-ին։

Նրանք միտումնավոր ընտրել էին վատ եղանակով օր․ մոտեցող թայֆունի և մակընթացության վտանգի պատճառով պարեկային նավերը նահանջել էին։

«Կնոջս քույրը, եղբորս զոքանչը, մայրս և կինս անցան ականապատ դաշտով ու թաքնվեցին ժայռերի հետևում։ Մեզ հետ էին նաև եղբորս երկու երեխաները։ Նրանց տեղավորեցինք պարկերի մեջ և խնդրեցինք լուռ մնալ», – պատմում է նա։

Կիմի խոսքով՝ միայն նավի GPS համակարգի շնորհիվ են հասկացել, որ արդեն հատել են սահմանը։

Հաջող փախուստից հետո, սակայն, կինը լալիս էր, քանի որ Հյուսիսային Կորեայում էին մնացել նրա հարազատները։

Այսօր Կիմն ու կինը ապրում են Սեուլում և մեծացնում են երկու երեխաների, որոնք արդեն ծնվել են Հարավային Կորեայում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026