
Սպանված գերագույն առաջնորդի մեծամասշտաբ հուղարկավորությունը՝ մարտահրավեր Թրամփին և Իրանի թշնամիներին․ CNN
Հինգ քաղաք, երկու երկիր, միլիոնավոր սգացողներ․ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի հենց սկզբում սպանվելուց 4 ամիս անց Իրանում մեկշաբաթյա արարողությամբ հուղարկավորում են նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին․ գրում է CNN-ը։
Արարողությունը համընկնում է ԱՄՆ Անկախության 250-ամյակի տոնակատարությունների հետ։
Չնայած պատերազմի հասցրած տնտեսական մեծ վնասին, ինչպես նաև տասնամյակների ծանր տնտեսական դժվարություններին՝ Թեհրանը Խամենեիին մեծաշուք արարողությամբ հրաժեշտ տալու համար ոչինչ չի խնայում։
Ավելի քան տասը օր շարունակ իրանական լրատվամիջոցներում գերիշխող թեման Խամենեին է․ նրա հիշատակին նվիրված երգերն ու կյանքի մասին վավերագրական ֆիլմերը երկրորդական պլան են մղել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին նախկինում գերիշխող վերնագրերը։
Նշվում է, որ այս արարողության մեծ մասշտաբները նպատակ ունեն ուղերձ հղել աշխարհին և Իսլամական Հանրապետության հակառակորդներին՝ ռեժիմը ոչ միայն հաղթահարեց գոյաբանական պատերազմը, այլև իր սպանված առաջնորդին դարձնում է իր դիմակայության խորհրդանիշը։
Նշվում է նաև, որ հնարավոր է՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ հայտնվի հանրության առաջ հենց այս արարողության ժամանակ։


