
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով․ ԲՏԱ նախարար
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով․ այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։
Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։
Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։
Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։
Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում»,- գրել է Հայրապետյանը։


