
Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից
Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից․ այս մասին հայտնել է Խաժակյանը իր գրառմամբ։
«21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:
Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:
Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։
Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:
«Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,- ասել է նա։


