15 Հուլ
2026
37° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ-ն չեղարկել է Ծառուկյանին պատկանող ձիերի առգրավման որոշումը․ խնամակալները պատմում են՝ կենդանիները օրեր շարունակ մնացել էին առանց պատշաճ խնամքի

ՔԿ-ն չեղարկել է Ծառուկյանին պատկանող ձիերի առգրավման որոշումը․ խնամակալները պատմում են՝ կենդանիները օրեր շարունակ մնացել էին առանց պատշաճ խնամքի

Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերի առգրավման վերաբերյալ քննիչի որոշումը, որը փաստաբանի փոխանցմամբ արդեն իսկ պաշտոնապես ծանուցվել էր պաշտպանության կողմին, բարձրացված աղմուկից հետո չեղարկվել է։ Այս պահին ձիերը կմնան ձիարշավարանում, իսկ նրանց խնամքը կշարունակեն նույն աշխատակիցները։

Մի քանի օր շարունակ ոստիկանները ծառայություն էին իրականացնում Ծառուկյանին պատկանող ձիարշավարանի տարածքում՝ հսկելով բոլոր մուտքերն ու ելքերը։ Ձիերի խնամակալների խոսքով՝ շուրջ չորս օր իրենք չեն կարողացել մուտք գործել տարածք, ինչի հետևանքով կենդանիները մնացել են առանց պատշաճ խնամքի։ Միայն այսօր նրանց թույլատրվել է կերակրել ձիերին, սակայն տարածք շարունակում են մուտք ունենալ միայն խնամակալները։

Վաղ առավոտից ձիարշավարանի մոտ էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ պարզելու, թե ինչ իրավական հիմքով էր որոշվել առգրավել կենդանիներին։ Մի քանի ժամ տևած հրապարակային լուսաբանումից հետո Քննչական կոմիտեն չեղարկեց քննիչի որոշումը, և առայժմ ձիերը կմնան իրենց ներկայիս վայրում։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Հովհաննես Վարդանյանը կատարվածը իրավաբանորեն անհասկանալի է համարում։ Նրա խոսքով՝ Ծառուկյանի նկատմամբ հարուցված որևէ քրեական վարույթ որևէ առնչություն չունի ընտանի կենդանիների հետ։

«Այդ հանգամանքի հետ կապված մենք արդեն դատավարական ընթացակարգերով բողոքարկում ենք քննիչի որոշումը, քանի որ դրանք ընտանի կենդանիներ են և որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա»,- նշել է փաստաբանը։

Վարդանյանի խոսքով՝ ձիերի առգրավման մասին որոշումն ինքը ստացել էր դեռ հուլիսի 10-ին, սակայն այն այդպես էլ չէր իրականացվել՝ տեխնիկական պատճառաբանությամբ։ Նրա խոսքով՝ իրավապահները նախատեսել էին առգրավումն իրականացնել հենց այսօր։

Մինչդեռ Քննչական կոմիտեն հերքել է, թե իրականացվել է կամ նախատեսվել էր կենդանիների առգրավում՝ հայտարարելով, որ քննիչները ձիարշավարան էին այցելել միայն կենդանիների զննություն իրականացնելու նպատակով։

Խնամակալների փոխանցմամբ՝ ավելի ուշ արդեն Երևանի քաղաքապետարանից իրենց տեղեկացրել են, որ կենդանիների հնարավոր տեղափոխումն անորոշ ժամանակով հետաձգվում է՝ կրկին տեխնիկական պատճառներով։ Մինչ այդ նրանք ստորագրել են փաստաթուղթ, որով պարտավորվել են շարունակել կենդանիների խնամքը մինչև հարցի վերջնական լուծումը։

Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը ABC Media-ին հայտնել է, թե առգրավման գործընթացի հետ որևէ առնչություն չունի։ Սակայն ձիերի խնամակալ Իլոնա Թամամյանի խոսքով՝ քննարկվել է կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու տարբերակը, սակայն այնտեղ 12 ձի ընդունելու հնարավորություն չի եղել։ Այժմ դիտարկվում է նրանց Ուշի գյուղ տեղափոխելու տարբերակը, թեև դրա կազմակերպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։

Խնամակալի խոսքով՝ ձիերը չափազանց զգայուն կենդանիներ են, և ցանկացած տեղափոխություն կարող է վտանգավոր լինել հատկապես նրանց տարիքի և առողջական վիճակի պատճառով։

«Մեզ մոտ կա 12 ազնվացեղ ձի, որոնք 15-20 տարեկան են։ Այդ տարիքում տեղափոխումը նրանց համար մեծ սթրես է։ Ճանապարհին կարող են վնասել հատկապես ոտքերը, իսկ եթե ձին վնասի ոտքերը, այլևս չի կարող մարզվել կամ աշխատել»,- պատմում է նա։

Խնամակալի խոսքով՝ յուրաքանչյուր կենդանի հատուկ խնամքի կարիք ունի։ Որոշ ձիեր ալերգիա ունեն և մշտապես դեղորայք են ընդունում։ կա նաև կույր ձի, որին վաղուց չեն հեծնում, սակայն ամեն օր դուրս են բերում զբոսանքի և շարունակում են խնամել։

«Մեզ համար ամենակարևորը նրանց առողջությունն ու բարեկեցությունն է։ Եթե տեսնում ենք, որ ձին հոգնած է կամ հանգստի կարիք ունի, նախընտրում ենք հանգիստ տալ։ Ամեն ձի ունի իր մարզիչն ու խնամակալը, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, նույնիսկ եթե տվյալ օրը չի աշխատում»,- ասում է Թամամյանը։

Նա արդեն շուրջ 15 տարի զբաղվում է ձիերի խնամքով և նշում է, որ ձիարշավարանը երբեք չի գործել որպես եկամուտ ստանալու միջոց։

«Այստեղ մարդիկ պարզապես հնարավորություն են ունեցել զբաղվելու ձիասպորտով և խնամելու կենդանիներին, որոնց հետ տարիների ընթացքում կապ են ստեղծել»,- եզրափակում է նա։

Սեդա Մակարյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026