17 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անոմալ շոգը պատել է Եվրոպան․ ամենածանր իրավիճակը Ֆրանսիայում է

Անոմալ շոգը պատել է Եվրոպան․ ամենածանր իրավիճակը Ֆրանսիայում է

Անոմալ շոգը շարունակում է իր ազդեցությունը թողնել Եվրոպայի մի շարք երկրների վրա՝ փոխելով միլիոնավոր մարդկանց առօրյան։ Տասնյակ քաղաքներում ջերմաստիճանը հասել է վտանգավոր բարձր ցուցանիշների, ինչի հետևանքով մարդիկ ստիպված են սահմանափակել տեղաշարժը, փնտրել զով վայրեր և վերանայել իրենց առօրյա սովորությունները։

Որոշ երկրներում ժամանակավորապես փակվել են դպրոցներ, թանգարաններ և մշակութային կենտրոններ, իսկ լողափերն ու շատրվանների հարակից տարածքները դարձել են մարդկանց հիմնական հանգրվանները։

Ամենածանր իրավիճակը Ֆրանսիայում է։ Այստեղ օրվա ամենաշոգ ժամերին փողոցները գրեթե դատարկվում են, իսկ առանց օդորակիչի բնակարաններում գիշերելը դարձել է չափազանց դժվար։

ABC Media-ի հետ զրույցում Ֆրանսիայում բնակվող Արփինե Գրիգորյանը պատմել է, որ այս տարվա շոգը զգալիորեն տարբերվում է նախորդ տարիներից։

«Ջերմաստիճանը բարձրացել էր 38-40 աստիճան։ Կային նաև քաղաքներ, որտեղ այն գերազանցում էր 40 աստիճանը, ինչը վտանգավոր էր թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար»,- նշել է նա։

Արփինեի խոսքով՝ ամենադժվարը ոչ միայն ցերեկային շոգն է, այլ այն, որ նույնիսկ գիշերային ժամերին ջերմաստիճանը գրեթե չի նվազում։ Նրա խոսքով՝ ֆրանսիացիները փորձում են իրենց բոլոր գործերը կազմակերպել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ՝ խուսափելով օրվա ամենաշոգ հատվածից։

Շոգը հատկապես դժվարություններ է ստեղծել փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։

«Ես ինքս փոքր երեխա ունեմ, և մեր կյանքը գլխիվայր շուռ էր եկել։ Տնից դուրս էինք գալիս միայն վաղ առավոտյան։ Այդ օրերին նույնիսկ պատուհանները չէինք բացում, չէինք միացնում տան լույսերը։ Ամեն ինչ անում էինք, որպեսզի արևի լույսն ու շոգը հնարավորինս քիչ ներթափանցեն բնակարան»,- պատմել է նա։

Սակայն խնդիրը միայն անհարմարությունը չէ։ Ֆրանսիայում շոգն արդեն վերածվել է առողջապահական լուրջ մարտահրավերի։

Երկրի առողջապահական ծառայությունների նախնական տվյալներով՝ միայն հունիսի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանի հետևանքով գրանցվել է շուրջ 1000 մահ։

Առողջապահական համակարգը նույնպես լուրջ ճնշման տակ է․ հիվանդանոցներն ու դիահերձարանները աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում։

Արփինեն նշում է, որ որոշ վայրերում խնդիրներ կան նաև օդորակման համակարգերի հետ, ինչը ավելի է բարդացնում վիճակը։

Ֆրանսիայում արդեն երկու տարի բնակվող մեր հայրենակցուհին ասում է, որ նման շոգ նախկինում չի տեսել։ Շատերի համար այս օրերը հիշեցրել են 2003 թվականի աղետալի ամառը, երբ Եվրոպան բախվեց պատմության ամենամահաբեր շոգի ալիքներից մեկին։ Այդ ժամանակ շոգի հետևանքով մայրցամաքում զոհվեցին հազարավոր մարդիկ։

Մինչդեռ կանխատեսումները որոշակի լավատեսության հիմք են տալիս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ հուլիսի 17-ից Եվրոպայի մի շարք շրջաններում օդային հոսանքների ուղղությունը կփոխվի, և հյուսիս-արևմտյան ուղղությունից ներթափանցող ավելի զով օդը աստիճանաբար կթուլացնի շոգի ալիքը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026