
Truth Social-ը կվաճառի արագ հասանելիություն՝ Թրամփի գրառումներին
Trump Media & Technology Group ընկերությունը գործարկել է վճարովի լիցենզավորված ծառայություն, որը բանկերին և թրեյդինգային ընկերություններին կտա «ամենաարագ» հասանելիությունը Truth Social սոցցանցի ազդեցիկ օգտահաշիվների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի էջի հրապարակումներին․ գրում է Reuters գործակալությունը։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Truth API անվանումով ծառայությունը հաճախորդներին կտրամադրի Truth Social-ի 10 ամենաազդեցիկ օգտահաշիվների հրապարակումները՝ հարթակի սովորական ծանուցումներից զգալիորեն ավելի արագ։
Ընկերության հայտարարության համաձայն՝ ծառայությունը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնց համար տեղեկատվության նույնիսկ փոքր ուշացումը կարող է արժենալ զգալի կորուստներ։
Մինչ օրս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում մի շարք հայտարարություններ է արել, որոնք ցնցումներ են առաջացրել համաշխարհային շուկաներում։ Այս պատճառով հարթակը դարձել է կարևոր տեղեկատվական աղբյուր թրեյդերների, բիզնեսների և ֆինանսական կազմակերպությունների համար։


