
Իրանի ձեռքբերումներն ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցություններում «գերազանցել են սպասելիքները»․ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանի ձեռքբերումները «գերազանցել են սպասելիքներն», ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները․ գրում է Al Jazeera-ն։
«Այս բանակցություններում մենք քայլ առ քայլ առաջ էինք շարժվում, և մեր հիմնական դիրքորոշումն այն էր, որ Հորմուզի նեղուցը բացվեր նավթի արտահանման և այլ կենսական նշանակության հարցերի համար, սակայն մյուս կողմը խախտեց համաձայնությունը», – Ազգային արդյունաբերության և հանքարդյունաբերության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Փեզեշքիանը։
«Այս ուղղությամբ Իսլամական Հանրապետության ձեռքբերումները զգալիորեն գերազանցեցին սպասելիքները, և մենք կարողացանք կարճ ժամանակում լուծել տարբեր հարցեր», – հավելել է Փեզեշքիանը։
Նա նաև հայտնել է, որ իր հետ մասնավոր հանդիպումների ընթացքում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն ընդգծել է երկրում ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին վերջ դնելու անհրաժեշտությունը։


