
ԱՄՆ-ն պայման է դրել Սաուդյան Արաբիայի առաջ․ միջուկային համաձայնագիրը չի իրականանա առանց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը hայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ խաղաղ միջուկային համագործակցության մասին համաձայնագիրը հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, եթե Էր Ռիադը կարգավորի Իսրայելի հետ հարաբերությունները՝ քայլ, որից թագավորությունը մինչ այժմ հրաժարվում է․ գրում է Reuters գործակալությունը։
Թրամփի խոսքով՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե Սաուդյան Արաբիան միանա ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված «Աբրահամի համաձայնագրերին», որոնց շրջանակում մի շարք արաբական երկրներ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ։
Սաուդյան Արաբիան երկար տարիներ հրաժարվել է միանալ այդ համաձայնագրերին քանի դեռ չկա Պաղեստին պետության ստեղծման հստակ ծրագիր։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ եթե թագավորությունը չմիանա այդ համաձայնագրերին, «գործարքը չի կայանա»։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարեցին միջուկային հմաագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին։ Ըստ կողմերի հայտարարության՝ գործարքն Էր Ռիադին թույլ կտա հարստացնել ուրան և ԱՄՆ տեխնոլոգիաներով կառուցել միջուկային ռեակտորներ՝ առանց ՄԱԿ-ի տեսչական ստուգումների, որոնց իրականացումը Վաշինգտոնը պահանջել է Իրանի միջուկային ծրագրի զարգացման դեպքում։


