
ՖԻՖԱ-ի նախագահը քննադատներին խորհուրդ է տվել «մեդիտացիա անել, աղոթել կամ ֆուտբոլ դիտել»
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն Instagram-ում հրապարակած ծավալուն գրառմամբ անդրադարձել է իր քննադատներին՝ հորդորելով նրանց «մեդիտացիա անել, աղոթել կամ ֆուտբոլ դիտել»՝ «մեզ ատելու վրա իրենց ժամանակն ու էներգիան վատնելու փոխարեն»․ գրում է Euronews-ը։
Գրառման մեջ Ինֆանտինոն բարձր է գնահատել, իր բնորոշմամբ, «աշխարհի լավագույն շոուն»։
Թեև 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆուտբոլասերների համար տարվա կարևորագույն միջոցառումն էր, այն զերծ չէր վիճահարույց դրվագներից, որոնցից շատերի կենտրոնում հենց ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն էր։ Թերևս մրցաշարի ամենաաղմկահարույց դրվագը տեղի ունեցավ ԱՄՆ-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից հետո։ Խաղի ընթացքում ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարմիր քարտ ստացավ բոսնիացի պաշտպան Տարիկ Մուհարեմովիչի ոտքին կանգնելու համար և պետք է բաց թողներ Բելգիայի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպումը։ Սակայն պարզվեց, որ մի հեռախոսազանգը կարող է որոշիչ լինել։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ ԱՄՆ նախագահի անձնական հեռախոսազրույցից հետո չեղարկվեց Բալոգունին տրված կարմիր քարտը։
Ինֆանտինոն նաև անդրադարձել է մրցաշարին Իրանի մասնակցությանը՝ բարձր գնահատելով ՖԻՖԱ-ի ջանքերը՝ «պատերազմող երկու երկրներին միավորելու» ուղղությամբ։
«Իրանն առանց որևէ խնդրի կամ միջադեպի մուտք գործեց Միացյալ Նահանգներ», – գրել է Ինֆանտինոն՝ կարծես անտեսելով մրցաշարից առաջ Իրանի հավաքականի առջև ծառացած խնդիրները՝ կապված վիզաների տրամադրման հետ։ Վիզայի հետ կապված խնդիրների է բախվել նաև սոմալեցի մրցավար Օմար Արտանը։ Աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող մրցավարներից մեկին մրցաշարից առաջ թույլ չեն տվել մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Արտանը «չի կարող մուտք գործել երկիր՝ ստուգման ընթացքում առաջացած մտահոգությունների պատճառով»։
Թեև ՖԻՖԱ-ի նախագահը հույս ուներ, որ այսքանով դժգոհությունների ալիքը կմարի, առաջնության եզրափակիչ սուլոցից հետո Արգենտինայի հավաքականի բախումը Իսպանիայի հավաքականի հետ նոր դժգոհությունների պատճառ դարձավ, ինչի հետևանքով ՖԻՖԱ-ն կարգապահական քննություն սկսեց արգենտինական թիմի նկատմամբ։
Չնայած այս ամենին, Ինֆանտինոն իր գրառումն ավարտել է՝ ցանկանալով, որ «էկրաններից այն կողմ նստած, ատելություն և կեղծ լուրեր տարածող մարդիկ» գտնեն «սեր» և «խաղաղություն»։
«Եվ վերջապես, որպես ՖԻՖԱ-ի նախագահ, ես անչափ հպարտ եմ, որ կարողացել եմ, թեկուզ փոքր չափով, նպաստել այս միջոցառման կայացմանը։ Դա հիանալի զգացողություն է», – հավելել է նա:


