
Թրամփը՝ ռոքնռոլի արքայի կերպարով․ ԱՄՆ նախագահը զայրացրել է երաժշտասերներին
Հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում շուրջ 40 գրառում է կատարել, որոնց մեծ մասն արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծված նկարներ են․ գրում է Euronews-ը։
Նախորդ երկու օրերին Թրամփի էջում տեղ գտած AI-ով ստեղծված պատկերների նոր «շքերթը» ներառել է Վենեսուելայի քարտեզը՝ ծածկված ԱՄՆ դրոշով և «51-րդ նահանգ» մակագրությամբ, ինչպես նաև Գրենլանդիայի վերևում պատկերված նրա դեմքը՝ «Բարև, Գրենլանդիա» գրությամբ։
Թեև մեմերի միջոցով տեղեկատվական պատերազմի շրջանակում ԱՄՆ նախագահը հաճախ է կատարում AI-ով ստեղծված պատկերներով հրապարակումներ, դրանցից մեկը հարուցել է երաժշտասերների զայրույթն աշխարհի տարբեր երկրներում․ այս անգամ նա իրեն ներկայացրել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի կերպարով։ Պատկերում Թրամփը ներկայացված է 1973 թվականին «Aloha from Hawaii» համերգի ժամանակ Փրեսլիի կրած փայլուն հանդերձանքով։
Թրամփի հրապարակումը բացասական արձագանք է գտել երաժշտասերների շրջանում։ Սոցցանցի օգտատերերից մեկը գրել է. «Ի տարբերություն Թրամփի՝ Էլվիսը պատվով և ռոքնռոլով ծառայել է մեր երկրին»։ Մեկ այլ օգտատեր գրել է. «Նա (Թրամփը – խմբ․) չի ձգտում պարզապես ուշադրության կենտրոնում լինել․ նա իրեն Էլվիս է պատկերացնում՝ նրա փառքի գագաթնակետին։ Նրա էգոն սահմաններ չի ճանաչում»։
Սա Թրամփի առաջին անդրադարձը չէ Էլվիսին․ նա Փրեսլիի երաժշտությունը բազմիցս է նվագել իր նախընտրական քարոզարշավների ժամանակ, իսկ երբեմն էլ իրեն համեմատել է ռոքնռոլի արքայի հետ։


