
Գաղտնի բանակցություններ և նոր օգնություն ԵՄ-ից․ ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները․ Bloomberg
Եվրամիությունն Ուկրաինային կհատկացնի 1.4 միլիարդ եվրո՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները․ այս մասին գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար։
«Մենք ամեն առավոտ արթնանում ենք՝ իմանալու համար Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ավիահարվածների միջոցով կատարված սարսափելի հանցագործությունների մասին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր պատճառած ավերածությունների համար։ Դա ապահովելու համար մենք կօգտագործենք սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները», – նշել է Ֆոն դեր Լեյենը։
Միևնույն ժամանակ, Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ եվրոպացի և ռուս քաղաքական գործիչները գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին, Վիեննայում։ Բանակցություններին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ըստ աղբյուրների՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նպատակով հնարավոր խաղաղ բանակցությունների պայմանները։


