
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը․ ՌԴ փոխարտգործնախարար
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում Եվրոպական միության հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, Վերոնայի 19-րդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Մենք տեսնում ենք ճնշումը, որ նրանք կիրառում են այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են, որ միանալու են ԵՄ-ին կամ անդամակցության թեկնածու են. նրանք պահանջում են, որ հրաժարվեն իրենց անկախությունից, և նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես միանալուց առաջ նրանք պահանջում են, որ հավատարիմ մնան ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը և հետևեն ԵՄ բոլոր հայտարարություններին։ Նրանց հայտարարությունների 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Հետևաբար, պարզապես անհնար է չնկատել ռիսկերը»,- նշել է Գրուշկոն։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն հարգում է պետությունների ընտրությունը, բայց հույս ունի, որ առաջնորդները լավ գիտակցում են բոլոր ռիսկերը:
Գրուշկոն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը գոյություն չունի «անօդ տարածության մեջ»․ «Այնտեղ գոյություն ունեն պատմական երկկողմ կապեր. շատ պետություններ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամներ են։ Կան հսկայական թվով նախագծեր, որոնք կապում են այդ պետություններին»։
Փոխնախարարի կարծիքով՝ «որքան քիչ ազդեցություն ունենան տարածաշրջանից դուրս գտնվող երկրները, այնքան ավելի կայուն կլինի իրավիճակը»։ Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և, «ինչպես դարեր շարունակ արել են, կլուծեն առաջացող բոլոր խնդիրները»։


