06 Օգս
2026
34° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք չենք տեսնում, որ ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է ընթանում․ Արամ Վարդևանյան

Մենք չենք տեսնում, որ ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է ընթանում․ Արամ Վարդևանյան

Այսօր ԱԺ-ում քննարկում են ԱԺ 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը։ Ընդդիմության թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն է։

«Ընդդիմությունը գիտակցված որոշում է կայացրել ստանձնել Սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունը՝ մասնակցելով խորհրդարանի ամբողջական ձևավորման գործընթացին»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավոր լինելը Հայաստանում հեշտ չէ, սակայն խորհրդարանական վերահսկողության բոլոր գործիքները պետք է գործածվեն մի նպատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։

«Մենք չենք տեսնում, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Տեսնում ենք, որ կան կարմիր գծեր, որոնք խարխլվել են»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Եկեղեցու շուրջ զարգացումներին և գործարար Սամվել Կարապետյանի կալանքին՝ պնդելով, որ վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը եղել է ապօրինի։ Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում խորացել է «մարդասիրության ճգնաժամը», իսկ կալանքը դարձել է անհամաչափ կիրառվող միջոց, այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն և գրավ։

Վարդևանյանը նշեց, որ նույն խնդիրը վերաբերում է նաև կալանավորված այլ անձանց, այդ թվում՝ սրբազաններին և Ռուբեն Մխիթարյանին՝ հարց բարձրացնելով, թե ինչու նրանց նկատմամբ չեն կիրառվել ավելի մեղմ խափանման միջոցներ։

Նա խոսեց նաև խորհրդարանի աշխատանքի արդյունավետության մասին՝ առաջարկելով, որ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները մշտական հանձնաժողովներում չմերժվեն ավտոմատ կերպով, այլ հասնեն լիագումար նիստերի քննարկման։

Վարդևանյանն առաջարկեց նաև ընդլայնել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով դիմելու հնարավորությունները՝ այդ իրավունքը վերապահելով նաև ընդդիմության կողմից ընտրված ԱԺ փոխնախագահին։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա միջազգային փորձագիտական կարծիք ստանալու նաև այն դեպքերում, երբ իշխանությունը նման անհրաժեշտություն չի տեսնում։

Ելույթի ավարտին նա հայտարարեց, որ ընտրվելու դեպքում նիստերը կվարի հավասարության սկզբունքով և թույլ չի տա վիրավորական արտահայտություններ՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ելույթ ունենում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին խորհրդարանն ընտրեց ԱԺ նախագահի առաջին տեղակալին՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին, օգոստոսի 5-ին՝ երկրորդ տեղակալին՝ Վահագն Ալեքսանյանին։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026