
Թրամփի հայտարարած «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմն Իրանի դեմ»․ ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին զարգացումները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Կողմերը մտքեր են փոխանակել դիվանագիտական վերջին զարգացումների, քաղաքական և դիվանագիտական լուծումների առաջխաղացման ջանքերի, ինչպես նաև խորհրդակցությունների և համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել նաև Մավրիտանիայի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Սալեմ Ուլդ Մերզուկի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կկորցնի իր նախկին նշանակությունը՝ նավթատարների կառուցման և այլընտրանքային երթուղիների ստեղծման պատճառով։ Թրամփը նշել է, որ նավթի գինը ներկայում մոտ 84-85 դոլար է, և Հորմուզի նեղուցով տեղափոխվում են նավթի զգալի ծավալներ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է էներգիայի արտադրությունն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Տեխասը, Ալյասկան և Լուիզիանան, ինչպես նաև կառուցում է մեծ թվով նոր խողովակաշարեր։
ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ Հորմուզի նեղուցի «ամերիկյան» շրջափակումն արդյունավետ է եղել, և նեղուցով նավագնացությունը ներկայում շարունակվում է։
Սպիտակ տան տվյալներով՝ նեղուցով ներկայում անցնում են մեծ թվով նավեր, և շրջափակման ընթացքում ոչ մի նավ չի մտել Իրան։
Նա գործողությունն անվանել է «100% հաջողված»։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն աննախադեպ «տնտեսական պատերազմ և մեկուսացում» է սկսում Իրանի դեմ։
«Ոչ ոք Իրանի Իսլամական Հանրապետությանը համաձայնության հասնելու ավելի մեծ հնարավորություն չի տվել, քան ես։ Ի դժբախտություն իրենց՝ նրանք չեն կարողացել օգտվել դրանից։ Հետևաբար, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Միևնույն ժամանակ՝ Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատին հայտարարել է, որ Իրանի նավթի մատակարարումներն արտաքին շուկաներ գործնականում դադարեցվել են։
Սակայն, նա հավելել է, որ անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի մատակարարման վերաբերյալ անհանգստանալու պատճառ չկա։


