
Ուկրաինան Մասկին պարգևատրել է պետական բարձրագույն պարգևով․ ո՞րն է նման քայլի դրդապատճառը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևներից մեկով․ գրում է Reuters գործակալությունը։
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Մասկը պարգևատրվել է «Ազատության շքանշանով»։
Հրամանագրում նշվում է, որ Մասկը պարգևատրվել է «մարդկային կյանքի և ազատության պաշտպանության գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար»։
Մասկն իր Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունն Ուկրաինայում գործարկեց 2022 թվականին Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից կարճ ժամանակ անց։ Այն Ուկրաինայի համար դարձել է ռազմաճակատում կապի ապահովման կարևորագույն միջոցներից մեկը, ինչպես նաև անօդաչու սարքերի կառավարման միջոց։
Այժմ Ուկրաինան ցանկանում է թույլտվություն ստանալ Starlink-ն օգտագործելու Ռուսաստանի տարածքում՝ ռուսական թիրախների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանների դեմ հարվածներ հասցնելու նպատակով։
Զելենսկիի խոսքով՝ իրեն տեղեկացրել են, որ Մասկը դեմ է եղել այդ քայլին՝ համարելով, որ այն կհանգեցնի պատերազմի «զգալի էսկալացիայի»։ Զելենսկին հավելել է, սակայն, որ Ուկրաինան այս առնչությամբ սկսել է «ավելի հուսադրող արձագանքներ ստանալ»։
Նրա խոսքով՝ Starlink-ի օգտագործումը Ռուսաստանի տարածքում կարող է նվազեցնել այն կարողությունները, որոնց վրա հենվում է Մոսկվան՝ պատերազմը երկարաձգելու համար։


