
Արցախի Դիզափայտ լեռան պատմությունն ու ավանդազրույցները
Հադրութի շրջանի Դիզափայտ լեռը, որի բարձրությունը 2478 մետր է, համարվում է Արցախի գլխավոր պատմական սրբավայրերից մեկը: ԼԼեռան դիրքը, ձևն ու բարձրությունը տարբեր ժամանակաշրջաններում օգնել են, որպեսզի լեռան ստորոտում, լանջերին և տարբեր հատվածներում գտնվող բնական և մարդակերտ ամրոցներն ունենան ամուր պաշտպանական համակարգ և դիմակայեն թշնամիներին:
Լեռան լանջերին մինչ օրս պահպանվում են պարիսպների ավերակներ և այլն շինությունների մնացորդներ: Լեռան անվան ստուգաբանության մասին հետաքրքիր պատմական փաստ և պատմություն է ներկայացնում հայ անվանի պատմաբան Լեոն. «Սարի անունը հավանաբար «դեզ» և «փայտ» (դեզի կենտրոնում տնկված փայտը, որ դեզն ուղիղ վիճակում է պահում) բառերից է կազմվել:
Սակայն, ըստ ավանդության, այստեղ, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում 4-րդ դարի 30-ական թվականներին նահատակվել են Աղվանքի մազքուտ թագավոր Սանեսանի զավակներն ու բազմաթիվ աղվաններ, որոնց քրիստոնեության էր դարձրել Արցախ-Ուտիքյան հայաշխարհի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը՝ Գրիգոր Լուսավորիչի թոռը:
Իբր, Սանեսանի բարբարոս զինվորներն այս նորահավատներին դիզել են ինչպես փայտը (այստեղից էլ Դիզափայտ) և վառել:
Նահատակության վայրը սրբացել է, մանավանդ, որ 4-րդ կամ 5-րդ դարում հենց այնտեղ էլ կառուցվել է Կատարո վանքը, որ վաղ միջնադարում գավառի առաջնորդարանն է եղել»: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ, Երևան, 1985, էջ 535):
Լեոն նշում է, որ Դիզափայտը սրբավայր էին ճանաչում անգամ Դիզակում հարձակում սկսած արաբները: Նրանք սարը կոչում էին «Զիարաթ», որ նշանակում է սրբավայր: Դիզափայտի նահատակների համար Հայոց եկեղեցին ունի պատարագի հատուկ օր: Դրանից զատ նահատակների վարքը որպես ավանդություն մտել է նաև հայ միջնադարյան մատենագիտության մեջ: Լեռան մասին պահպանված մի շարք ավանդազրույցներից մեկի համաձայն Աստված բարկացել է մարդկանց արարքներից և ցանկացել է բնաջնջել աշխարհը: Դիզափայտ լեռը խնդրել է խղճալ մարդկանց, և արդյունքում պատիժը կրել է լեռը և ստացել կայծակի հարվածներ:
Արցախի Հադրութի շրջանի Դիզափայտ լեռը 2020 թվականից հետո գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո:


