
Նյու Դելիում հանրակացարանի փլուզման հետևանքով 7 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանրակացարանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ հայտնում է Euronews-ը։
Հինգհարկանի շենքը, որտեղ տեղակայված էր տղաների հանրակացարանը, փլուզվել է կիրակի օրը Սաթյա Նիկետանում, որը Դելիի համալսարանի մոտ խիտ բնակեցված թաղամաս է։
Ոստիկանությունը, հրշեջները և Հնդկաստանի աղետների արձագանքման գործակալության խմբերը որոնողական աշխատանքներ են իրականացրել երկու օր անընդմեջ։ Փրկարարական խմբերը փլատակների տակից դուրս են բերել առնվազն 12 մարդու։ Միջադեպի հետևանքով 7 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել։
Բնակիչների խոսքով՝ շենքն առնվազն 55 տարվա էր և ամիսներ շարունակ վերանորոգման փուլում էր․ օգոստոսին վարձակալների՝ հիմնականում ուսանողների համար վերաբացվել է՝ չնայած աշխատանքների անավարտ լինելուն։
Նախնական արդյունքների համաձայն՝ փլուզման պատճառ կարող էին լինել նկուղում ջրի կուտակումը և հին շենքի վրա շարունակվող վերանորոգման աշխատանքները։
Շենքերի փլուզումները կրկնվող աղետ են Հնդկաստանի որոշ հատվածներում հունիս-սեպտեմբեր ամիսներին մուսսոնային անձրևների սեզոնի ընթացքում, երբ ուժեղ կամ երկարատև անձրևները կարող են թուլացնել հին կառույցները։


