
Տարածաշրջանի էներգետիկ համակարգերը կմիավորվե՞ն Թուրքիայի համանման համակարգին․ ի՞նչ են քննարկել Երևանը, Թբիլիսին ու Բաքուն
Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման համաշխարհային 9-րդ ֆորումի շրջանակում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների պատասխանատու կառույցների ներկայացուցիչները քննարկել են գործակցության հնարավորությունները․ հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ծառայությունները կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի էներգետիկ ծառայությունները կարգավորող գործակալության խորհրդի նախագահ Սամիր Ախունդովը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի և «EU4Energy» նախաձեռնության ներկայացուցիչներ։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի ինտեգրման և գործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգետիկ համակարգերը Թուրքիայի համակարգին միացնելու հնարավոր քայլերը։



