
ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում Կենտրոնական Ասիայում և Կովկասում միջուկային էներգիայի ոլորտում իր ներկայությունն ամրպնդելու համար․ Eurasianet
Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում Կենտրոնական Ասիայում և Կովկասում ամերիկյան միջուկային էներգիայի տեխնոլոգիաների օգտագործումը խթանելու համար․ գրում է Eurasianet-ը։
Անվտանգության ծրագրերի գծով պետքարտուղարի օգնականի տեղակալ Շոնա Ջ. Ուիլսոնը վերջերս այցելել է երկու տարածաշրջաններ՝ հանդիպումներ ունենալու հայ և ղազախ պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների հետ ԱՄՆ միջուկային համագործակցությունը զարգացնելու ուղիները։
Միացյալ Նահանգները և Հայաստանը միջուկային համագործակցության համաձայնագիր են կնքել փետրվարին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ։
Մինչդեռ Ղազախստանը 2025 թվականի վերջին ստորագրել է համաձայնագիր, որը վերաբերում է միջուկային ոլորտում ղազախ տեխնիկների համար ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուսուցման օգնությանը։
ԱՄՆ համագործակցությունը կենտրոնացել է փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (ՓՄՌ) կառուցման և անվտանգ շահագործման վրա։
Ղազախստանի պետական լրատվական գործակալության՝ «Կազինֆորմ»-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 27-ի բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ «հաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ղազախա-ամերիկյան համագործակցության հետագա զարգացման հարցում»։ Ղազախստանն այժմ ծրագրեր ունի կառուցելու երեք խոշոր միջուկային օբյեկտներ, որոնք պետք է կառուցվեն ռուսական և չինական ընկերությունների կողմից։
Հայաստանում Վիլսոնը հանդիպել է Նարեկ Ապիտոնյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար անձի հետ, ով ղեկավարում է երկրի միջուկային հզորությունների զարգացման ջանքերը։ Հայաստանն այժմ քննարկում է իր հնացած Մեծամորի ատոմակայանը փոխարինելու տարբերակները․ մի հարց, որը բորբոքել է մրցակցությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև պայմանագիրը կնքելու համար։


